Ընկերության ճամբար Վաղաշենում

Ընկերության ճամբար՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և Վայք համայնք

Նախագիծը՝ Համատեղ բնապահպանական-արշավախմբային ճամբար Վաղաշենում

Օգոստոսի 19-21-ը Հյուսիսային դպրոցի և Վայք համայնքի ճամբարականները իրականացրեցին եռօրյա ուսումնական ճամփորդություն դեպի բնապահպանական վրանային ճամբար՝ Վաղաշեն: Սա Մարտիրոսի գյուղական ճամբարի շարունակությունն էր։

Վաղաշենում վրանային գիշերակացով ճամբարը նորություն էր բոլոր ճամբարականների համար։
Առավոտյան շատ վաղ արթնանալով՝ վայելում էինք արևածագը, մարզական պարապմունք անցկացնում լճի ափին և լողում կապուտակ Սևանում։

Ֆ-բ ֆոտովիդեոշար

Ոսկեգործական լաբորատորիայի ճամբարականները անցկացրեցին սեմինար Վայք համայնքի ճամբարականների հետ, կապված ոսկեգործության պատմության և ոսկեգործության մասնագիտությունների վերաբերյալ: Ծանոթացրեցին ՄՍԿՀ-ում գործող ոսկեգործական լաբորատորիաների գործառույթներին։

Սովորողները պատրաստակամորեն խումբ -խումբ մասնկացում էին փայտ հավաքելու, կրակ վառելու, սնունդ պատրաստելու աշխատանքներին, որտեղ բացահայտվում և հղկվում է նաև սովորողների անձնային որակները:

Երեկոները ամփոփում էինք մի գավաթ տաք թեյի և բոցկլտացող կրակի շուրջ՝ հայրենագիտական քննարկումներով, երգերով, զրույցներով:

Ճամբարի վերջին օրը, առավոտյան վաղ մեզ հյուր էին եկել Վայք համայնքի փոխքաղաքապետ Ս․ Հովսեփյանը և Իրավաբանական բաժնի պետ Հ․ Ավագյանը։ Քննարկեցինք մեր ճամբարային առօրյան, շրջեցինք տարածքով և ամփոփեցինք ճամբարային երեք օրերը։

Հերթափոխը հանձնելով Սոնա Փափազյանին՝ հայրենագիտական կանգառով եղանք Ծակ քարում և այտեղ հրաժեշտ տալով միմյանց բաժանվեցինք։

Միշտ էլ դժվար և տխուր է հրաժեշտի պահը, արդեն հարազատ դարձած մարդկանցից, նոր ընկերներից կտրվելը։ Վաղաշենի ճամբարում անցկացրած այս երեք օրը նոր հետք թողեցին լավ ընկերության վրա։ Տխուր հայացքներ, արցունքախեղդ, լացակումած, թախծոտ աչքեր, ջերմ գրկախառնություններ… Հրաժեշտ տվեցինք միմյանց, սակայն կրկին հանդիպելու ակնկալիքով, ավելին` ընկերությունը ,համագործակցությունը խորացնելու, նոր հիմքեր դնելու, միասին նոր նվաճումներ ունենալու նպատակով։

Ֆ-բ ֆոտովիդեոշար 1, 2, 3, 4, 5, 6

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started