ՀԱՆՐԱԿՐԹՈւԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈւն

Դասընթացավար՝ Վարդան Կարապետյան

Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի սկիզբ՝ օգոստոսի 28
Դասընթացի ավարտ՝ սեպտեմբերի 22
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ /Ա․ Բաբաջանյան 25/
Վերապատրաստման ձևը՝ առկա

Անհրաժեշտ հղումներ՝

Վերապատրաստման դասընթացների ծրագրեր՝

Օգտագործվող նորմատիվ փաստաթղթեր

  • ՀՀ օրենքը կրթության մասին
  • ՀՀ օրենքը հանրակրթության մասին
  • ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին
  • Հանրակրթության պետական չափորոշիչը
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին;
  • ՀՀ կառավարության որոշումը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգում փոփոխություններ կատարելու մասին
  • ՀՀ կառավարության որոշումը ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը
  • ՀՀ կառավարության որոշումը հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին;
  • Հանրակրթական ուսումնական հասրտատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը

Դասընթացի ծրագիր՝

Օգոստոսի 28․ պարապմունք 1
Թեման՝  ՀՀ օրենքը հանրակրթության մասին․

Քննարկում․ Ինչու և ինչ չափով պետք է ուսուցիչը ծանոթ լինի հանրակրթության բնագավառի օրենսդրությանը․ սպասելիքներ

Ծանոթանա՛լ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծե՛լ անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։
Առաջադրանք․ Օրենքի քանի՞ հոդվածում  է հանդիպում «ուսուցիչ» բառը։

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

Աշխատանք՝

Ուսուցիչ բառը վերը նշված հոդվածներից  հանդիպում է  միայն երրորդ հոդվածում:  

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ չէ:
Հոդված 3-ի 12-րդ կետում նշված է․ Մանկավարժական աշխատող է սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող, կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակիցը:

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է:
Հոդված 3-ի 13-րդ կետում նշված է՝ որ ուսուցիչը ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող է:

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Եվ վարչական, և մանկավարժական աշխատողներ են։

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Կարելի է, եթե ունի համապատասխան որակավորում և համատեղության կարգով ունի շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետում գրված է․ «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ,և համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան: Մինչև 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է արտամրցութային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում». 
Արտահայտե՛ք Ձեր կարծիքը նոր փոփոխության վերաբերյալ։ 

Համակարծիք եմ նոր փոփոխության հետ:

Օգոստոսի 29․ պարապմունք 2
Թեման՝ Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքները և պարտականությունները․

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով  որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները․

Առաջադրանք

  • Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։
  • Պատասխան
  • Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

Համեմատեցի 19-րդ հոդվածը իմ առանձնացրած ցանկի հետ:

Չէի ներառել`  5 ) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք: 

Իմ կարծիքով տարբերությունները առաջացել են, քանի որ ուսումնական գործունեության կազմակերպման մեջ նրանք պասիվ դերում են։

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Վարչական աշխատողներն են՝ տնօրենը, փոխտնօրենը, կադրերի տեսուչը, աշխատակազմի ղեկավարը, հաշվապահը, գործավարը։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»

Մանկավարժական այլ աշխատողներ են՝ ուսուցչի օգնականը, կազմակերպիչը, մեթոդիստը, հատուկ մանկավարժը (հոգեբան, լոգոպեդ), սոցիալական աշխատողը։

  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։

Դպրոցի խորհուրդներ (աշակերտական, ծնողական), կառավարման խորհուրդ, կրթության փորձագետներ, դիտորդներ և այլն:

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։

Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Սովորողը իրավունք ունի․

  • անվճար կրթություն ստանալու
  • ընտրելու ուսումնական հաստատությունը 
  • օգտվելու մասնագետների խորհրդատվությունից՝ հոգեբան, լոգոպեդ
  • օգտվելու ուսումնական հաստատության գույքից
  • մասնակցելու միջոցառումներին, ճամփորդություններին 
  • հարցեր տալու, տրված հարցի պատասխան ստանալու 
  • ազատ արտահայտելու սեփական կարծիքը
  • անհրաժեշտության դեպքում պաշտպանելու սեփական արժանապատվությունը

Օրենք․Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Սովորողը պարտավոր է․

  • ստանալ համապատասխան կրթություն
  • իրեն հատկացված գույքը չվնասել
  • հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
  • հետևել դպրոցի կարգապահական կանոններին

ՕրենքՍովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Մանկավարժական աշխատողի իրավունքները

  • Մասնակցելու առարկայական կրթական ծրագրերի, չափորոշիչների մշակմանը
  • Ընտրելու առարկայի դասավանդման մեթոդները, դասավանդման ձևը
  • Մասնակցելու վերապատրաստումներին, մասնագիտական զարգացման սեմինարների
  • Սահմանված կարգով արձակուրդ գնալու
  • Սահմանված կարգով բացակայելու
  • Էթիկայի կանոնների, աշխատանքային իրավունքների խախտման դեպքում բողոքարկելու Արհեստակցական կազմակերպություն
  • բողոքարկելու ղեկավար մարմինների հանձնարարությունները, որոշումները
  • օգտվելու դպրոցի նյութատեխնիկական միջոցներից

Օրենք․Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողի պարտականություններ

  • Հարգել սովորողի արժանապատվությունը և ազատ խոսքի իրավունքը
  • Ապահովել դասարանում բարոյահոգեբանական խաղաղ մթնոլորտ
  • Պահպանել կարգերը, կարգապահական կանոնները
  • Ապահովել առարկայի դասավանդման պետական չափորոշիչով սահմանված գիտելիքի փոխանցման հմտությունները
  • Մասնակցելու վերապատրաստումների

 Օրենք․Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքությանկանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողի ծնողի իրավունքները

  • Ընտրելու դպրոցը
  • Կրթությունը արդյունավետ կազմակերպելու համար համագործակցելու դպրոցի ուսուցիչների հետ
  • Օգնելու տնային հանձնարարությունները կատարելու հարցում
  • Մասնակցելու սահմանված կարգով դպրոցի կառավարմանը

Օրենք․ Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողի պարտականությունները

  • Ապահովել երեխայի կրթվելու իրավունքը,
  • Ապահովել երեխային անհրաժեշտ ուսումնական պարագաներով
  • Հոգալ երեխայի ֆիզիկական և հոգեկան վիճակը
  • Սովորեցնել էթիկայի կանոնները՝ հարգել դպրոցը, դասընկերներին, ուսուցիչներին
  • Երեխային սովորեցնել և փոխանցել հոգևոր, մշակութային և այլ արժեքների մասին
  • Փոխհատուցել դպրոցին հասցրած վնասը

Օրենք․ Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.

6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Օգոստոսի 30․ պարապմունք 3
Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը․

Ծանոթանա՛լ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծե՛լ նկատված տարբերությունները։

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին․

Չափորոշիչի բաժինները՝

  • Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները․Բաժին II
  • Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը․Բաժին VI
  • Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները․Բաժին VIII
  • Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները․Բաժին IX
  • Ծանոթանա՛լ նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրե՛լ ձեզ համար նորությունները

Օրենքի նախագծում կան կան հետևյալ լրացումները.
1. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները
Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

  • Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II
    տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը: Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները: Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:
  • Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI
    7.  արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում` մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը:
  • Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, Բաժին VIII
    «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, որը ռուսերենն է, 3-12-րդ դասարաններում` բացի ռուսերենից, ներկայացվում է առնվազն ևս մեկ օտար լեզվով: Ազգային փոքրամասնությունների դասարաններում «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-12-րդ դասարաններում ներկայացվում է մեկ օտար լեզվով: 1-12-րդ դասարաններում բնագավառը կարող է ներկայացվել ազգային փոքրամասնության լեզուն և գրականությունը ուսումնասիրող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում` առանձին առարկաներով.

    Հանրակրթական ավագ դպրոցի պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է նախատեսվել մոդուլային ուսուցում:
  • Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , Բաժին IX
    38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով` դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով:

    39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ:

    45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

    46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ` իր ընտրած առարկայից կամ առարկաներից:
  • Ծանոթանա՛լ նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրե՛լ ձեզ համար նորությունները

3 հոդված, 5-րդ կետ

5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները). 

Հոդված 6

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: 

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը: 

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Օգոստոսի 31․ պարապմունք 4
Թեման՝ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները․

1․ Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26
2․ Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26
3․ Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները

Առաջադրանք
Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնե՛լ ուսուցչի քայլերի հաջորդականությունը

1․ Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26

6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:

8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը: 

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

2․ Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26

11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը: 

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

3․ Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները

6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչներն են`

1) ուսուցչի վարպետության լավ կամ գերազանց մակարդակը,

2) վերջին երեք տարվա ընթացքում’

ա. իր դասավանդած առարկայից Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների («Ֆիզկուլտուրա» առարկայի դեպքում` հանրապետությունում անցկացվող ամենամյա մրցումների կամ մարզական միջոցառումների) հանրապետական փուլում կամ միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր սովորող ունենալը կամ

բ. նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը (բացառությամբ այն դասարանների և առարկաների, որոնց համար նախատեսված է հանրապետական առարկայական օլիմպիադա),

3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից երաշխավորված կամ նախարարության հետ համագործակցող տեղական կամ միջազգային կազմակերպություններում կամ հարթակներում կամ Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստման դասընթացի վարումը,

4) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր ֆորում» (հttps://forum.armedu.am/) համակարգում մասնագիտական խորհրդատվական թեմայի վարումը կամ «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարումը,

5) վերջին երեք տարվա ընթացքում`

ա. տեղական (նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների) կամ արտերկրի կամ միջազգային գիտական կամ մանկավարժական պարբերականներում կամ խմբագրական կազմ ունեցող տեղական կամ միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում գիտական կամ մանկավարժական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

բ. նախարարության կողմից երաշխավորված դասագրքի կամ ուսումնական նյութի կամ գիտամանկավարժական աշխատության հեղինակ կամ համահեղինակ լինելը,

6) վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի տեսչավորումների արդյունքում «լավ» կամ «գերազանց» գնահատված լինելը,

7) «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ կամ

ա. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով սահմանված` «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի», ինչպես նաև նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտամանկավարժական բնագավառի պատվավոր կոչումներ ունենալը կամ

բ. ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, նախարարության կողմից պատվոգրերով կամ շնորհակալագրերով կամ հուշամեդալներով պարգևատրված լինելը կամ

«գ. նախարարության կողմից կամ նախարարության հետ համատեղ իրականացված հանրապետական մրցույթներում մրցանակային տեղ զբաղեցնելը,

8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,

9) գիտական աստիճան կամ կոչում ունենալը:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

Ոչ, քանի որ տնօրենը չունի ուսուցչի պաշտոն

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Ոչ,քանի որ տնօրենը չունի ուսուցչի պաշտոն

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Ոչ,քանի որ տնօրենը չունի ուսուցչի պաշտոն

Սեպտեմբերի 1․ պարապմունք 5
Թեման՝ Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները․

Առաջադրանք՝

  • Ծանոթանա՛լ ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին

Պարզաբանում՝
Վերապատրաստման դասընթացի մասնակիցը տրված առաջադրանքները տեղադրում է իր բլոգում, որի արդյունքում ստանում է 1 կրեդիտ։

«Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» բաժնի ուսումնասիրության վերջնարդյունքները՝

  • Ուսուցիչը կարողանում է պաշտպանել իր և սովորողների իրավունքները
  • Ուսուցիչը կարողանում է ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքային գլխավոր բաղադրիչները և դրանց միջև առկա փոխադարձ կապերը
  • Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները
  • Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started